Շաբաթ՝ 2013 թւականի ապրիլի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ Կիրակնամուտքի ժամերգութիւն: Արարողութեանը նախագահում էր Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Ներկայ էին Շահինշահրի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային իշխանութեան ներկայացուցիչներն ու հաւատացեալ բազմաթիւ հայորդիներ:

Կիրակնամուտքի ժամերգութեան աւարտին, առաջնորդ Սրբազան Հայրն ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի սրբատառ երեք կոնդակները, որոնցով Վեհափառ Հայրապետն աստիճաններ էր շնորհել Թեմի երեք քահանաներին: Արժն. Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանն արժանացել էր աւագութեան աստիճանին, արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը ծաղկեայ փիլոն օգտագործելու արտօնութիւն էր ստացել, իսկ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը քահանայական լանջախաչ կրելու իրաւունքին էր արժանացել:

Կոնդակների ընթերցումից եւ աստիճանների շնորհումից յետոյ, Առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական խօսքը փոխանցեց ներկայ ժողովրդին եւ քահանայ հայրերին. նա մատնանշելով Պօղոս առաքեալի խօսքը՝ ուղղած եկեղեցու սպասաւորներին՝ Քրիստոսի օրինակով Աստծուն նւիրւելու իբրեւ կենդանի զոհ, ասաց. «Աստծու ծառայութեան մէ՛ջ ապրեցէք, որովհետեւ Աստւած ողորմած Աստւած է եւ մեր այդ նւիրումն ընդունելու է իբրեւ հոգեւոր պաշտամունք»:

Գերշ. Սրբազան Հայրն իր որդիական շնորհակալութիւնը յայտնեց Արամ Ա Կաթողիկոսին՝  իր խնդրանքին ու դիմումին ընդառաջելու եւ Թեմի քահանայ հայրերին աստիճաններ շնորհելու կապակցութեամբ, ապա խօսքն ուղղելով քահանաներին, ասաց. «Սիրելի՛ քահանայ հայրեր, դուք ձեր աշխատանքի մէջ եղէ՛ք համեստ ու խոնարհ եւ ապրեցէ՛ք Աստծու ծառայութեան մէջ, հետամուտ եղէք միշտ լաւին, բարուն եւ ճշմարիտին: Աստծու ձեզ տւած զանազան շնորհներն օգտագործեցէ՛ք Աստծուն եւ մեր սիրեցեալ ժողովրդին ծառայելու նւիրական ճանապարհին»:

Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր խօսքի աւարտին, իր, ազգային իշխանութեան եւ հոգեւորականաց դասի անունից շնորհաւորեց պատիւ ստացած քահանայ հայրերին, նրանց հարազատներին եւ Թեմի ժողովրդին, նրանց մաղթելով երկար եւ քաջառողջ կեանք:

Արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները մօտեցան նոր աստիճաններ ստացած հոգեւոր հայրերին եւ իրենց շնորհաւորանքներն ու բարեմաղթութիւնները փոխանցեցին նրանց, որից յետոյ եկեղեցու սրահում, որտեղ հաւաքւած էին թեմակալ առաջնորդը, հոգեւորական դասը, Կրօնական Խորհրդի եւ Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան անդամները, նոր աստիճաններ ստացած քահանայ հայրերի անունից Առաջնորդ Սրբազան Հօրը եւ Կրօնական Խորհրդին շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան միջոցով եկեղեցու շրջափակում կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն: