Երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ներկայութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների, Սպահանի Պետական Համալսարանի դասախօսների ու ուսանողների եւ հայ ու պարսիկ հայրենակիցների, տեղի ունեցաւ նոյն Համալսարանի բազմավաստակ հոգեբան-դասախօս եւ ազգային-կրթական գործիչ դոկտոր-պրոֆեսոր Մեսրոպ Բալայեանի յուղարկաւորութիւնը, որն իր մահկանացուն էր կնքել ապրիլի 3-ին, 90 տարեկան հասակում:

Թաղման եկեղեցական արարողութիւնը կայացաւ կէսօրից յետոյ ժամը 3-ին, գլխաւորութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ մասնակցութեամբ արժն. Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանի ու դպրաց դասի: 

Եկեղեցական կարգի աւարտին հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը հանդէս եկաւ դամբանախօսութեամբ, որտեղ անդրադառնալով նաեւ հանգուցեալի կենսագրական գծերին՝ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, ազգային մարմինների եւ միութիւնների անունից ցաւակցական խօսք ուղղեց սգակիրներին:

Այնուհետեւ նորոգ հանգուցեալի դին տեղափոխւեց եկեղեցու բակ, որտեղ կարճատեւ արարողութիւնից յետոյ, դամբանախօսութեամբ ելոյթ ունեցան նաեւ Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ Ջանսոն Աղաբաբայեանը՝ Թեմի ազգային մարմինների անունից, իսկ Սպահանի Պետական Համալսարանի մակավարժութեան եւ հոգեբանութեան ֆակուլտետի դասախօս դոկտ. Նուրին՝ Համալսարանի տնօրինութեան անունից:

Դկտ. Բալայեանի դին ամփոփւեց Նոր Ջուղայի Հայոց Ազգային Գերեզմանատանը: 

Դկտ. Մեսրոպ Բալայեանը ծնւել է 1923 թւականին: Նրա հայրն եղել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներից: Նա իր դոկտորի կոչումն ստացել է Ֆրանսիայի Սորբոն համալսարանի հոգեբանութեան ճիւղում, որից յետոյ, վերադառնալով Իրան, սկսել է աշխատել որպէս համալսարանի դասախօս: 1962 թւականից ընտանեօք տեղափոխւել է Սպահան եւ աշխատանքի անցել տեղի Պետական Համալսարանի մանկավարժութեան եւ հոգեբանութեան ֆակուլտետում որպէս դասախօս եւ դեկան: Եղել է նաեւ նոյն Համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի դասախօս:

Գիտական բեղուն գործունէութիւնից բացի, դկտ. Բալայեանն աշխոյժ դերակատարութիւն է ունեցել Սպահանի Հայոց Թեմի ազգային եւ կրթական կեանքում: Հեղինակն է բազմաթիւ գրքերի, յօդւածների եւ թարգմանութիւնների: 

Հանգի՛ստ բազմավաստակ ուսուցչի աճիւններին: