Շաբաթ, մարտի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի եկեղեցիներում մատուցւելով սուրբ եւ անմահ Պատարագ՝ աւարտւեցին Մեծ Պահոց օրերը, եւ հաւատացեալ ժողովուրդն անցկացնելով պահեցողութեան եւ Արարչին առաւել մօտենալու ժամանակաշրջանը՝ ընդառաջ գնաց Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնին:

Շաբաթ՝ մարտի 30-ի երեկոյեան, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Ներսէս եկեղեցում մատուցւած Ս. Պատարագին:

Կիրակի՝ մարտի 31-ի առաւօտեան, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի, հրաշափառ Յարութեան տօնի առթիւ Ս. Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում: Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը հանդիսաւոր թափօրով մուտք գործեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցի, որտեղ եպիսկոպոսական սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց՝ Փրկչի յաղթական Յարութեան տօնի առթիւ: Արարողութեան երգեցողութեան բաժինը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:

Ս. Պատարագի ընթացքում Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր զատկական ոգեշունչ պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին, որն ընթերցւեց նաեւ Թեմի միւս եկեղեցիներում՝ պատարագիչ հոգեւորականների միջոցով:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամում անդրադառնալով Քրիստոսի կրած չարչարանքներին, խաչելութեանը, մահւանը եւ յարութեանը, որոնք տեղի ունեցան աշխարհի փրկութեան համար, մէջբերեց Պօղոս առաքեալից խօսք, որտեղ թողութեան եւ արդարութեան ձեռք բերման միջոցն է համարւել Քրիստոսին հաւատալը: Պատգամի մի այլ բաժնում Սրբազան Հայրն ընդգծելով հայ ժողովրդի վերածնունդը, աւելացրեց. «Չարչարւած, խաչւած եւ խոցւած սրտով հայ ժողովուրդը երբեք չի կորցրել իր յոյսը եւ անքակտելի հաւատը՝ իր յարութեան մասին: Իր վէրքերից, իր գերեզմանից նա միշտ վերակենդանացել է՝ Քրիստոսի Յարութեան մեծ աւետիսով, նոր կեանքի, նոր գալիքի, նոր գարնան յոյսով եւ երգով»:

Ս. Պատարագի աւարտին Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդն ընդունեց ժողովրդի շնորհաւորանքները:

Յատկանշական է, որ Ծաղկազարդից մինչեւ Ս. Զատիկ տեւող Աւագ Շաբաթւայ ժամանակաշրջանում Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում կանոնաւոր կերպով տեղի ունեցան բոլոր արարողութիւնները՝ հաւատացեալ ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ: Համաձայն նախօրօք յայտարարւած ժամանակացոյցի, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը հերթաբար նախագահեց Թեմի տարբեր եկեղեցիների արարողութիւններին՝  իր հայրական օրհնանքը փոխանցելով ներկայ ժողովրդին:

Ծաղկազարդ տօնի եւ Աւագ Հինգշաբթի առաւօտեան՝ Քրիստոսի Վերջին Ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ մատուցւած Ս. Պատարագներին ներկայացան նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտ-ուհիները՝ իրենց պատասխանատուների ընկերակցութեամբ, ովքեր յատուկ բոյր հաղորդեցին արարողութիւններին: