Կազմակերպութեամբ Սպահանի Պետական Համալսարանի Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի եւ համագործակցութեամբ նոյն Համալսարանի տնօրինութեան ու Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի, չորեքշաբթի՝ փետրւարի 27-ի առաւօտեան ժամը 9-ին, Համալսարանի Օտար Լեզուների Ֆակուլտետի «Էմամ Խոմէյնի» դահլիճում, մեծ շուքով նշւեց Սպահանի Պետական Համալսարանի Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի հիմնադրման 50-ամեակը: Յոբելեանի նշման առաջարկը Համալսարանի տնօրինութեանն էր տրւել Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի միջոցով:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ, Սպահանի Պետական Համալսարանի պատասխանատուներ եւ Հայոց Լեզւի ու Գրականութեան Ամբիոնի դասախօսներ, շրջանաւարտներ, ուսանողներ եւ այլ հրաւիրեալներ:

Յոբելեանական ձեռնարկն սկիզբ առաւ Ղուրանի ընթերցմամբ, որից յետոյ՝ հնչեցին Տէրունական աղօթք՝ արժն Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնը:

Որպէս օրւայ հանդիսավար, ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ամբիոնի շրջանաւարտ եւ վաստակաւոր ուսուցիչ Անահիտ Կիրակոսեանը, որից յետոյ, որպէս հիւրընկալ, ելոյթ ունեցաւ Օտար Լեզուների Ֆակուլտետի դեկան դկտ. Գաշմառդին՝ յոյս յայտնելով, որ այս յոբելեանական ձեռնարկը Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի եւ Սպահանի Պետական Համալսարանի միջեւ առկայ փոխ-համագործակցութիւնների առաւել զարգացման սկիզբ է հանդիսանալու՝ Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի աշխատանքների աշխուժացման նպատակով: Այնուհետեւ իր եւ Համալսարանի տնօրէն դկտ. Ռամեշթի անունից, ով աշխատանքային այցով գտնւում էր Թեհրանում, արտայայտւեց Համալսարանի փոխտնօրէն դկտ. Բիդհենդին: Նա ողջունելով հիւրերի ներկայութիւնը, յոյս յայտնեց, թէ Օտար Լեզուների Ֆակուլտետի պատասխանատուները գերլիսանսի մակարդակում Հայոց Լեզւի եւ Գրականութեան ճիւղի հիմնադրմամբ, որի աշխատանքների մեծ մասն արդէն կատարւել է, սոյն ճիւղի առաւել զարգացման պատճառ են հանդիսանալու:

Ծրագրի շարունակութեան մէջ իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Նա հոգեկան մեծ ուրախութեամբ ողջունելով ամբիոնի հիմնադրման 50-ամեակը, անդրադարձաւ ազգի ինքնութեան կազմաւորման եւ պահպանման գործում լեզւի վճռորոշ դերակատարութեանը եւ ասաց. «Հայ տառերի գիւտով հայ ժողովրդի ինքնութեան կազմաւորման ընթացքը ոչ միայն ամբողջացաւ, այլ աւելի բիւրեղացաւ ու արմատացաւ: Հայ լեզուն դարձաւ հայի հարազատ ինքնութիւնը պահպանող զօրեղ վահանը՝ պատմութեան արհաւիրքների եւ ապականիչ հոսանքների դիմաց»: Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում բնութագրելով լեզուն որպէս հաւատի պահապան, աւելացրեց. «Հաւատ-լեզու փոխ-յարաբերութիւնը տարբեր մօտեցումներով ու շեշտադրումներով բոլոր կրօնների մօտ կարեւոր մի երեւոյթ է: Այս իրողութիւնը բացայայտօրէն տեսնում ենք մեր եկեղեցու մօտ: Հայ տառերի ստեղծմամբ, որը կատարւեց մեր եկեղեցու հայրերի միջոցով, Աստւած հայերէն խօսեց ժողովրդի հետ եւ դարձաւ աւելի կենդանի ու անմիջական»:

Այնուհետեւ դասախօսութեամբ ելոյթ ունեցաւ դեսպան Գրիգոր Առաքելեանը, ով արտայայտւելով «Հայերէնի եւ պարսկերէնի փոխադարձ ազդեցութիւնները» նիւթի շուրջ՝ անդրադարձաւ երկու լեզուների միջեւ առկայ բառային, լեզւամտածողութեան եւ արտայայտման ձեւերի ընդհանրութիւններին՝ հայերէն ու պարսկերէն հին գրականութիւններից օրինակներ բերելով: Ելոյթի այլ բաժնում դեսպան Առաքելեանը բառակազմութեան, բառարմատի եւ բառիմաստի տեսանկիւնից վերլուծելով երկու լեզուների մի շարք բառեր, ինչու չէ նաեւ խօսքեր ու արտայայտութիւններ, բազմաթիւ նմանութիւններ եւ ընդհանրութիւններ մատնանշեց հայ եւ պարսիկ ժողովուրդների միջեւ:

Ելոյթների շարանում Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը գնահատելով Ամբիոնի հիմնադիրների եւ անցեալի ու ներկայի վարիչների եւ դասախօսների ջանքերը, շնորհակալական խօսք ուղղեց Սպահանի Պետական Համալսարանի տնօրինութեանը՝ յոբելեանական ծրագրի կազմակերպման առաջարկն ընդունելու համար: Նա իր խօսքում յիշեցնելով լեզւի դերակատարութիւնը՝ մշակոյթի, հաւատի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում, շարունակեց. «Իրանի Իսլ. պետութիւնը եւ իրանցիները, իրենց իրանա-իսլամական հարուստ մշակոյթի, բարձր գիտակցութեան եւ ինքնավստահութեան շնորհիւ ոչ միայն գրկաբաց են ընդունել օտար մշակոյթները, այլ աջակցութիւն են ցուցաբերել նրանց լեզուների ու պատմութիւնների տարածման եւ ուսուցման գործում»:

Հիւրասիրութիւնից յետոյ, օգտաշատ եւ բազմաբովանդակ դասախօսութիւններով ելոյթ ունեցան նաեւ Ամբիոնի բազմավաստակ դասախօս Հրայր Շահնազարեանը՝ «Ամբիոնի պատմութիւնը», Ամբիոնի դասախօս դկտ. Սիլւա Ալլահվերդեանը՝ «Հայ Գրականութեան շրջափուլերի համառօտ բնութագրութիւնը», ԻԻՀ Ազատ Համալսարանի Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի վարիչ դկտ. Անդրանիկ Սիմոնեանը՝ «Հայագիտական ամբիոնների դերը հայ-իրանական ընդհանրութիւնների հետազօտման գործում» եւ Ամբիոնի հիւր-դասախօս Իսա Ալիռեզային՝ «Հայոց լեզւի սերտման անհրաժեշտութիւնը՝ պարսկալեզուների համար» նիւթերով:

Ձեռնարկի ընթացքում եղան ասմունքային գողտրիկ կատարումներ՝ Ամբիոնի ուսանողների միջոցով, որոնց շնորհիւ իւրայատուկ բոյր հաղորդւեց ծրագրին:

Հանդիսութեան աւարտին ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, դեսպան Գրիգոր  Առաքելեանի, Իսլ. Խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանի եւ Օտար Լեզուների Ֆակուլտետի դեկան դկտ. Գաշմառդիի,  յուշանւէրներ եւ պատւոյ գրեր շնորհւեցին Ամբիոնի բազմավաստակ դասախօսներ՝ հանգուցեալ Խաժակ Տէր-Գրիգորեանին, Հրայր Շահնազարեանին, Ազատ Մաթեանին, դկտ. Անդրանիկ Սիմոնեանին, Ամբիոնի հրաւիրեալ դասախօսներ Արմոնդ Քեշիշեանին եւ Հիլդա Պօղոսեանին, Ամբիոնի դասախօս ու սոյն ձեռնարկի կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու դկտ. Սիլւա Ալլահվերդեանին եւ Ամբիոնի նախկին վարիչներին ու գերազանցիկ ուսանողներին:

Յատկանշական է, որ սոյն յոբելեանական ձեռնարկի կազմակերպիչ յանձնախումբն այս առիթով շնորհաւորական ուղերձներ էր ստացել՝ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանից, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանից, «Ալիք» Օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանից, «Պայման» ամսագրի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանից, Երեւանի Պետական Համալսարանի տնօրէն՝ պրֆ. Արամ Սիմոնեանից, Երեւանի ու Իրանի համալսարանների տարբեր ֆակուլտետների դեկաններից, Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի շրջանաւարտներից ու այլ անհատներից: