Աղբիւր՝ www.yerkir.am

Երէկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձևը: Թուրքիայի արձագանքը, բնականաբար, կայծակնային էր: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլիւթ Չաւուշօղլուն թւիթերեան էջում գրում է. «Ոչնչացւեց մեծ խաղը. նրանք, ում ծրագրերը ձախողւել են, անդրադառնում են հնացած բանաձևերին։ Այն շրջանակները, որոնք հաւատում են, թէ այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալւում են: Քաղաքական նպատակներով պատմութիւնը շահագործելու այս ամօթալի որոշումը առ ոչինչ է մեր կառավարութեան և ժողովրդի համար»:

Թուրքիայի նախագահի մամլոյ խօսնակ Իբրահիմ Քալընը «ամօթալի» է որակել պալատի որոշումը. «Ամերիկայի Ներկայացուցիչների պալատի Հայկական բանաձևը պատմութիւնը քաղաքական նպատակներով օգտագործելու ամօթալի օրինակներից է: Նրանք, ովքեր մեղադրում են Թուրքիային ցեղասպանութեան մեջ, նախ և առաջ իրենց պատմական անցեալին և իրենց աջակցած ԱՍԱԼԱ-ի և ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութիւն) նման ահաբեկչական կազմակերպութիւնների արիւնոտ անցեալին թող նայեն»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցութեան հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, իր հերթին, մի քանի գրառում է կատարել.

«Պատմութիւնը մեզ սովորեցրել է, որ նման միջամտութիւնները օտարների կողմից, որոնք արդէն այս տարածաշրջան բերել են մեծ ցաւ, ոչ մի լաւ բան չի հանգեցնի մեր յարաբերութիւններում»:

«Անընդունելի է քաղաքական կարիքների համար պատմութեան քաղաքականացումը: Մենք կոչ ենք անում մեր հայ եղբայրներին և քոյրերին՝ իրենց պատմութիւնը գործիք չդարձնել ներքաղաքական դիտարկումների համար: Մենք այս տարածքում միասին ապրել ենք դարերով»:

«Նախագահ Էրդողանն արդէն արտայայտել է իր համակրանքն ու ցաւակցութիւնն  է յղել հայկական համայնքին: Նա նաև արտայայտել է իր պատրաստակամութիւնը՝ հիմնել համատեղ պատմական յանձնաժողով՝ հետաքննելու համար, թէ ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»: