ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ 106 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԻՑ ՓՐԿՒԱԾ ԼՈՒՍԻՆ ԲԵՐԵԴՋԻԿԼԵԱՆ-ԽԱՉԱՏՐԵԱՆԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Արգենտինայում փետրւարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանութիւնից փրկւած Լուսին Բերեդջիկլեան-Խաչատրեանը: Այս մասին տեղեկացնում է horizonweekly.ca-ն՝ յղում կատարելով Agencia Prensa Armenia-ին:

Լուսին Բերեդջիկլեանը ծնւել է 1913 թւականի յունւարի 7-ին Այնթապում:

«Լաւ կը լինէր ոչինչ չյիշէի: Երբ ես յիշում եմ, ապա չեմ կարողանում քնել»,-2015 թւականին, երբ նշւում էր Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը,  լրատւամիջոցներից  մէկին տւած հարցազրոյցում նշել էր Լուսին Բերեդջիկլեանը՝ խօսելով 1915 թւականի դաժան իրադարձութիւնների մասին:

Լուսինը պատմել է, որ իր հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Նա իր աւագ որդիներին ուղարկում է Հալեպ, երբ Առաջին աշխարհամարտը նոր է սկսւում: Հայրը հիւանդ է լինում, և որոշ ժամանակ անց՝ մնացած ամբողջ ընտանիքով որոշում են տեղափոխւել: Սիրիայի ճանապարհին ընտանիքը կեղեքւում ու թալանւում է, այդուհանդերձ՝  որոշները կարողանում են փրկւել և հասնել Հալեպ: Լուսինի մայրը այդ ժամանակ հղի է լինում և ճանապարհի կեսին մահանում է, իսկ Աբրահամը վախճանւում է Դամասկոսում: Դրանից յետոյ Լուսինի եղբայրները մեկնում են Արգենտինա, սակայն Լուսինն իր քրոջ հետ Սիրիայում է մնում մինչև 1929 թւականը, ինչից յետոյ ևս տեղափոխւում են Հարաւային Ամերիկա։