ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ 1915Թ. ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ» ՀԱՅԱԼԵԶՈՒ ԵՒ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՆԻՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգողպետական յանձնաժողովի որոշմամբ` 2015թ. յունւարի 29-ից կեանքի կոչւեց www.armeniangenocide100.org կայքը` տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից էր  «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերեւս առաջին անգամ փորձ արւեց մէկտեղել հայալեզու օտար մամուլում 1915-ին լոյս տեսած յօդւածները: Հետազօտութիւնն արդէն պատշաճգիտական մակարդակով հրատարակւել է առանձին ժողովածուով, որն էապէս հեշտացնում է հայոց ցեղասպանութեան տարբեր հիմնահարցերով զբաղւող հետազօտողների գործը: 

Yerkir.am զրուցել է վերնշեալ հսկայածաւալ աշխատանքով զբաղւողմասնագիտական խմբի անդամների` Գայանէ Մանուկեանի (ծրագրի համակարգող, գլխաւոր խմբագիր), Արմէն Մարուքեանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքէանի (փորձագէտ, խմբագիր), Անի Ոսկանեանի (խմբագիր) եւ Մարիամ Յովսէփեանի(փորձագէտ) հետ:

 

-Այս ուսումնասիրութեամբ նպատակ դրւեց ստեղծել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ 1915թ. մամուլի արձագանքը` իւրատեսակ օրացոյց, որը օր առ օր ներկայացնում է, թէ ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլեւ օտար մամուլը հայերի ծայրայեղ ծանր դրութեան մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատաւորւած կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նիւթեր ոչ միայն հայերի զանգւածային սպանութիւնների, այլեւ ինքնապաշտպանական մարտերի, գաղթականութեանն օգնութիւն կազմակերպելու եւ մի շարք այլ կարեւոր թեմաների մասին:

Մամուլի այս նիւթերը յիրաւի ունեն սկզբնաղբիւրի նշանակութիւն, եւ դրանցով հնարաւոր է նաեւ վերականգնել Հայոց ցեղասպանութեան ժամանակագրութիւնը: Այս նիւթերի մի մասը կա՛մ քիչ յայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրւում շրջանառութեան մէջ: Նիւթերը քաղւած են բացառապէս բնագրերից: Անշուշտ, հետազօտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարաւոր է մէկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բոլոր, յատկապէս` օտար մամուլի նիւթերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռեւս հասանելի չէ:

 Առիթից օգտւելով` մեր երախտագիտութիւնն ենք ուզում յայտնել Աւստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակին, Իրանում լոյս տեսնող «Ալիք» օրաթերթի եւ Յունաստանում լոյս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապէս արձագանքեցին մեր խնդրանքին եւ ցուցաբերեցին իրենց օժանդակութիւնը: Որոշ դէպքերում, դժբախտաբար, արձագանք չեղաւ: Բազմաթիւ երկրներում հայկական տեղական կազմակերպութիւնները կամ անհատ մտաւորականները մամուլի արձագանքի հաւաքածուներ են կազմել: Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտւում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մէջ մեծագոյն բացն արաբական մամուլն է: Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, միւս կողմից` օրուայ թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտօնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրւանում արաբական մամուլը բացակայի այս հաւաքածուից:

Ամենօրեայ հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամեանի, Արամի, Անդրանիկի եւ շատ ու շատ ուրիշ երախտաւորների յօդւածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրուայ իրավիճակը, այլեւ, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրայ արդէն տեղի ունեցած դէպքերի վերլուծութիւններն են: Յաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանեան իշխանութիւնների կողմից սպանւած նւիրեալ հայորդիների վերջին յօդւածները, նաեւ ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների` Ռուբենի, Զաբել Եսայեանի, Սիմոն Վրացեանի, Լիպարիտ Նազարեանցի, Շավարշ Սիսաքեանի, Վահագն Քրմոյեանի, Ռուբէն Զարդարեանի եւ այլոց թղթակցութիւնները: Հարկ է նշել, որ աշխատութիւնն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտաւորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլեւ լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանութիւնից տարիներ յետոյ ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դէպքերը եւ վկայութիւնները, հնարաւոր եղաւ ուրուագծել Ցեղասպանութեան ողջ պատկերն ու փուլերը:

Այն ուսուցողական է իւրաքանչիւր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակւած մամուլի էջերից մեզ են փոխանցւում մեր ժողովրդի նւիրեալների գործունէութեան, նւիրաբերումի օրագրութիւններ, նրանք են` Արամ Մանուկեան, Վռամեան, Վանայ Իշխան, Ակնունի… Անբացատրելի յուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանութեան օրերին Վանում հրատարակւած «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլեւ հայրենասիրական ոգին… Ըստ էութեան` այս բաժինը 1915թ. մամուլի նիւթերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:

Յոյս ունենք, որ այս աշխատանքները այս ամէնով չեն սահմանափակուի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանութեանը անդրադարձը` թե՛ վկայութիւնները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի աւարտով: Ցեղասպանութեան գործընթացը եւ Ցեղասպանութեան հետեւանքները շարունակուել են յաջորդող տարիներին, եւ արժէ այդ մասին տեղեկութիւնները կենտրոնացնել: Ցեղասպանութեան հետեւանք էին նաեւ սփիւռքեան գաղութները, հետեւաբար արժէ այդ հանգրուանի մասին վկայութիւններն ու տեղական մամուլի արձագանքը հաւաքել: Ի վերջոյ, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցեալի պատմութեան, անմիջականօրէն առնչութիւն ունեն մերօրեայ Հայաստանին հետ ու պայմանաւորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփիւռքաբնակ հատւածների փոխներգործութիւնը:

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ