Աղբիւր՝ www.alikonline.ir

Կ.Դ. Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ սեպտ. 21-ի երեկոյեան Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում-ընդունելութիւն՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում: Հանդիսութեան մեկնարկին «Մաշտոց» երգչախումբը ղեկավարութեամբ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի, դաշնամուրի մօտ Ալւին Աւանէսեանի հնչեցրեց Հայաստանի եւ Իրանի պետական հիմներգերը:

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ողջունելով հիւրերին անդրադարձաւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը: Նա ընդգծեց, որ. «28 տարիների ընթացքում մեր երիտասարդ պետութիւնը մշտապէս առաջնորդւել է խաղաղութեան, եւ անվտանգութեան ապահովութեան, երկրների միջեւ խաղաղ համագործակցութեան, իրաւահաւասար յարաբերութիւնների հաստատման, սոցիալ-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցութիւնների խորացման սկզբունքներով»: Դեսպանը նշեց նաեւ. «Հայաստանի Հանրապետութեան նոր կառավարութիւնը իր արտաքին քաղաքականութեան հիմնարար ուղղութիւնները չի փոխել եւ կտրուկ շրջադարձներ չկան այս ոլորտում: Մեր արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն խնդրի մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մասին, մեր տեսակէտը եղել է եւ մնում է հետեւեալը՝ հակամարտութեան կարգաւորումը կարող է տեղի ունենալ միայն խաղաղ բանակցութիւնների միջոցով»: Ելոյթի ընթացքում դեսպանը անդրադարձաւ Հայաստան-Իրան բարեկամական եւ սերտ յարաբերութիւններին, նշելով. «Հայաստանի եւ Իրանի միջպետական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ դա վերաբերում է մեր յարաբերութիւնների բոլոր ոլորտներին»: Արտակարգ եւ լիազօր դեսպանը նշեց. «Մեզ համար շատ ընդունելի է Իրանի հաւասարակշռւած վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգաւորման խնդրի շուրջ»: Դեսպան Թումանեանը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման կարեւոր խթաններից մէկը համարեց Եւրասիական տնտեսական միութիւն-Իրան ժամանակաւոր առեւտրի համաձայնագրի ընդունում, եւ նշեց. «10 օրից Երեւանում տեղի է ունենալու Եւրասիական տնտեսական միութեան գագաթաժողովը, հինգ երկրների ղեկավարների մասնակցութեամբ եւ մեր պատւաւոր հիւրն է լինելու՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին»:

Միջոցառմանը յատուկ հրաւէրով ներկայ էր Իրանի էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդեքանեանը, ով Իրանի կառավարութեան անունից շնորհաւորելով Հայաստանի Անկախութեան 28-րդ տարեդարձը, անդրադարձաւ Իրան-Հայաստան վաղեմի սերտ ու բարեկամական յարաբերութիւններին: Նա ընդգծեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր Իրանը առաջին երկրներից էր, որ պաշտօնապէս ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախացումը, իր յարաբերութիւնները ձեւաւորելով բարի դրացիական եւ բարեկամութեան հիմունքների վրայ: Նախարարը նշեց, որ այսօր երկու երկրները ունեն բազմաբովանդակ յարաբերութիւններ՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի ու տեղեկատւութեան տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, մաքսատների, բուժման ու առողջապահութեան, գիտութեան ու համալսարանների, զբօսաշրջութեան, անվտանգութեան եւ այլ բնագաւառներում:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին, Իրանում հաւատարմագրւած երկրների դեսպաններ ու դիւանագիտական ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանը, Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչներ, Յարանւանութիւնների հոգեւոր առաջնորդներ, իրանահայ թեմերի, ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: