ՄԵՐ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՒՈՐԸ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է. ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը դեկտեմբերի 31-ին շնորհաւորական ուղերձ է յղել Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ:
Ուղերձում ասւած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետութեան թանկագի՛ն քաղաքացիներ,

Ահա եւ մենք պատրաստւում ենք հրաժեշտ տալ հին տարուն եւ դիմաւորել նոր` 2019 թւականը:

Այս պահին բոլորս, բնականաբար, համակւած ենք յուզախառն զգացումներով, լի` նոր ու բարի սպասելիքներով:

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները մեզ տեղափոխում են մեր մանկութեան աշխարհը, որտեղ գերիշխում էին սէրն ու ջերմութիւնը, հոգատարութիւնն ու լաւատեսութիւնը, յոյսն ու հաւատը, որ անպայման տեղի կունենայ իսկական հրաշք եւ կիրականանան նւիրական երազանքներն ու ցանկութիւնները:

Հոգու խորքում մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները, ընկերները լինեն առողջ ու երջանիկ, որ խաղաղութիւն տիրի աշխարհում, կայուն ու դինամիկ կերպով զարգանայ հայրենի երկիրը:

Դրա հետ մէկտեղ, կազմում ենք ծրագրեր, որոնք պիտի կեանքի կոչենք նոր տարում` էլ աւելի ամրապնդելով մեր պետականութիւնը, պաշտպանունակութիւնը եւ անվտանգութիւնը, զարգացնելով տնտեսութիւնը, բարելաւելով մարդկանց կենսապայմանները, բարձրացնելով բնակչութեան կենսամակարդակը:

Մենք համատեղ ուժերով կիրականացնենք բոլոր նախատեսւած ծրագրերը, միասին ու համախմբւած կը լուծենք համազգային խնդիրները եւ կը տօնենք նոր յաղթանակներ` միշտ կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփիւռք անսասան եռամիասնութիւնը:

Մեր յաջողութիւնների հիմնական երաշխաւորը, առաջին հերթին, մեր հերոսական բանակն է, հայրենիքի պաշտպանութեան դիրքերում կանգնած հայ զինւորը:

Ինչպէս միշտ, գալիք տարում եւս առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում է լինելու բանակաշինութեան ոլորտը, եւ արւելու է հնարաւորը Պաշտպանութեան բանակի մարտունակութեան աստիճանը բարձր պահելու, այդ եւ միւս բոլոր բնագաւառներում հայկական երկու հանրապետութիւնների համագործակցութիւնը խորացնելու ուղղութեամբ:

Այս տօնական օրը ուզում եմ նախ եւ առաջ շնորհաւորել զինւած ուժերի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի եւ անփորձանք ծառայութիւն:

Ուզում եմ շնորհաւորել մեր վետերաններին, յիշել նրանց, ովքեր ֆիզիկապէս մեզ հետ չեն: Թող Աստւած լուսաւորի մեր նահատակների հոգիները:

Շնորհաւորում եմ ձեզ, սիրելի արցախցիներ, ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանի եւ սփիւռքի մեր քոյրերին ու եղբայրներին:

Թող 2019 թւականը մեր հայրենիքի համար լինի խաղաղութեան, յաղթանակների, նոր յաջողութիւնների եւ ձեռքբերումների տարի:

Մաղթում եմ բոլորիդ քաջառողջութիւն, երջանկութիւն ու ամենայն բարիք:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ