ՋԱՒԱԽՔԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԱԶԳԱՅԻՆ-ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Ուրբաթ՝ 2019 թւականի մայիսի 10-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում« նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի տեղի ունեցաւ Ջաւախքին նւիրւած ազգային-յեղափոխական երգերի աշակերտական 4-րդ փառատօնը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ ու Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցների սաները: 

Միջոցառմանը ներկայ էին Հայ Դատի յանձնախմբի անդամները, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչները եւ Ջաւախքին նւիրւած փառատօնների հաւատարիմ հանդիսատեսը:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավարուհի Սօսէ Ասատրեանի խօսքերով, ապա բանախօսութեամբ հանդէս եկաւ Մանիա Ղուկասեանը: Նա սկզբում անդրադառնալով Ջաւախքի պատմութեանը՝ սկսեալ ամենավաղ յիշատակութիւններից (մ.թ.ա. 9-րդ դար), իր զրոյցը յատկապէս ծաւալեց Ջաւախքի եւ ջաւախքահայութեան ներկայ իրավիճակի շուրջ՝ ի մասնաւորի դպրոցների կացութեան:

Նա ընդգծելով, որ շրջանի Հայ Դատի յանձնախումբը նպատակ է ճշտել Ջաւախքին նւիրւած միջոցառումներով մեր հասարակութեանն առաւել ծանօթացնել Ջաւախքի եւ ջաւախահայութեան հետ, եւ առհասարակ Ջաւախքի հարցը մեր առօրեայ մտածումների ու գործունէութեան առանցքը դարձնել, անդրադարձ կատարեց Նոր Ջուղայում Ջաւախքին նւիրւած միջոցառումներին եւ առանձնաբար շեշտեց այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացւել են Ջաւախքում՝ սոյն միջոցառումներին զուգահեռ կազմակերպւած նւիրահաւաքներից գոյացած գումարներով: 

Ահա մի հատւածի մէջբերում երեկոյի բանախօսութիւնից.

«Շրջանի հայութիւնը շարունակել եւ շարունակում է դիմագրաւել Վրաստանի իշխանութիւնների իրականացրած քաղաքականութեան հետեւանքները: Վրաստանի արտաքին քաղաքականութիւնը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քաղաքական, ռազմական եւ տնտեսական յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, շրջանի տնտեսութեան անմխիթար վիճակը եւ այն բարելաւելու ծրագրերի բացակայութիւնը նպաստել են շրջանի հայութեան մարդկային եւ ազգային իրաւունքների ոտնահարմանը: Ջաւախքի ամրութիւնը, հայկականութիւնը, զարգացումն ու ապահովութիւնը մեր ժողովրդի անվտանգութեան համապարփակ համակարգի մի կարեւոր բաղադրիչն է եւ այսօր Հայ Դատի յանձնախմբերը ելնելով այս կարեւոր հրամայականից իրենց գլխաւոր առաքելութիւններից են համարում հայրենիքի այս բեկորում բնակւող հայրենակիցներին սատարելը»:

Բանախօսութիւնից յետոյ, մեկնարկեց գեղարւեստական բաժինը, ուր հնչեցին ազգային-յեղափոխական երգեր. Շահինշահրի «Նարօտ» եիրտասարդական երգչախումբը հանդէս եկաւ «Երեւան, Էրէբունի» եւ «Հայաստան» երգերով՝ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ, իսկ Նոր Ջուղայի ու Շահինշահրի դպրոցներից 16 աշակերտներ ելոյթ ունեցան հետեւեալ երգերով.

Էմիլի Պօղոսեան՝ «Բարով եկար», Լիլիան Ծառուկեան՝ «Հզօր հայրենիք», Վանէ Թահմազեան՝ «Իմ հայրենիք», Նելլի Մարուքեան՝ «Ազգ իմ փառապանձ», Ռենիթա Նազարեան՝ «Իմ փոքրիկ Հայաստան», Անիա Յովսէփեան՝ «Ո՛չ, չեն մեռնում հերոսները», Ստեփանիա Յակոբեան՝ «Հայոց տուն», Սիսիան Մարկոսեան՝ «Մարտիկի երգը», Լիլիթ Մարկոսեան՝ «Քայլիր միշտ առաջ», Անի Մինասեան եւ Սելին Մարուքեան՝ «Հայ եմ», Տեսիլ Գալստանեան՝ «Տեսնեմ Անին», Լիանա Ղազարեան՝ «Զինւորի մօր երգը», Անի Ղազարեան՝ «Պատիւ ունեմ», Անայիս Բաբայեան՝ «Մշեցի մօր երգը» եւ Նազելի Փանոսեան՝ «Նժդեհիկների քայլերգը»:

Ծրագրի աւարտին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի եւ «Արձագանք» քարոզչական յանձնախմբի պատասխանատուներ Հայկ Սարեանի  ու Սեդա Քեշիշեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին բոլոր կատարողներին եւ երգուսոյցներ Արսինէ Մարգարեանին, Վանա Շիրւանեանին ու Նարբէ Գրիգորեանին:

Երեկոյի ընթացքում ընդունւեցին ներկաների սրտաբուխ նւիրատւութիւնները՝ յօգուտ Ջաւախքի օժանդակութեան հիմնադրամի:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ