2019 ԹՒԱԿԱՆԻ ԴԻՄԱՒՈՐՈՒՄԸ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ:

Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը, իր, հոգեւորականաց դասի եւ ազգային իշխանութեան անունից բոլորին շնորհաւորելով Նոր տարին՝ տօնական բարեմաղթանքներ ուղղեց նրանց:

Այնուհետեւ վանքի շրջափակում տեղի ունեցաւ տօնախմբութիւն, որի ծրագիրը յագեցած էր՝ հրավառութեամբ, տօնական երգ-երաժշտութեամբ՝ Հայաստանից հրաւիրւած երգիչների ու երաժիշտների կենդանի կատարմամբ եւ հիւրասիրութեամբ, իսկ ընթացքում խանդավառ մթնոլորտի ներքոյ, ներկաները յիշարժան պահեր ապրեցին միմեանց կողքին: Նշելի է, որ թեմի Կրօնական խորհրդի գովելի նախաձեռնութեամբ սկսեալ 2016 թւականի Ամանորից մինչեւ այսօր, Գոհաբանական աղօթքին յաջորդում է այս տօնական միջոցառումը:

Յունւարի 1-ի առաւօտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց դարձեալ «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում: Օրւայ պատարագիչն էր թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Պատարագին մասնակցում էր եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ընթացքում ներկաներին իր Ամանորեայ պատգամը փոխանցեց պատարագիչը՝ «Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում» խորագրով:

Ահա մէջբերում սոյն պատգամից:

«Մեր ժողովրդի անդաստանում չորս սրբութիւններ գոյութիւն ունեն՝  եկեղեցի,  հայրենիք, ազգ եւ մշակոյթ: Կարելի չէ մէկին սպասարկել եւ միւսը թողնել կամ նւազ կարեւոր նկատել, որովհետեւ մեզնից ո՛չ ոք իրաւունք չունի բարձրացնել սրանցից մէկը՝ թերագնահատելով կամ ստորադասելով միւսը… Որպէս կարեւորագոյն պատւէրներից մէկը, հետեւեալը պէտք է ի մտի ունենալ. Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ Սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում: Ուստի, մեր թէ՛ անձնական եւ թէ՛ հաւաքական աղօթքների մէջ պարփակենք նաեւ աւետարանական սոյն պատւէրը, եւ իմանանք, որ այս գիտակցութեամբ մշակների պէտք ունենք՝ բարգաւաճելու եւ գոյատեւելու համար՝ որպէս եկեղեցի, ազգ եւ հայրենիք»:

 Այնուհետեւ ներկաներն ստացան տարւայ առաջին Ս. Հաղորդութիւնը Սրբազան Հօր միջոցով, իսկ արարողութեան աւարտին Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ընդունեց Ամանորեայ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները:

Արարողութիւններին ու տօնախմբութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների անդամներն ու բազմահարիւր հայորդիներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից:

Թղթակից (Նոր Ջուղա)


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ