Նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արեւելեան սահմանագօտու ուղղութեամբ` գնդակոծութեան ենթարկելով հայկական դիրքերը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների` հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով: Հաղորդում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

 Ռուսական կողմի միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն` ժամը 18:30-ից ՀՀ արեւելեան սահմանագօտում կրակը դադարեցւել է, իրադրութիւնը յարաբերականօրէն կայունացել է:

 Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկայ եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիւ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մէկ տասնեակ միաւոր ոչնչացւել կամ շարքից դուրս է բերւել: Հայկական կողմը նոյնպէս կորուստներ ունի: Համաձայն ճշտւած տւեալների հայկական կողմն ունի մէկ զոհ: Վիրաւորների թիւը նոյնպէս ճշտւում է: ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող` 7 պայմանագրային եւ 5 ժամկէտային գերեվարւել են, ինչպէս նաեւ յայտնի է երկու մարտական դիրքի կորստեան մասին:

Նոր տեղեկութիւնների դէպքում պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ համապատասխան հաղորդագրութեամբ: