Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

Դեսպան Թումանեանը տեղեկութիւններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետեւանքով ստեղծւած վիճակի մասին` նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցութիւնը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականութեանը եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած Ադրբեջանի սադրիչ գործողութիւններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքի պահպանման անհրաժեշտութիւնը` կողմերը քննարկեցին «Պարսից ծոց-սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղւած աշխատանքները:

Նախարար Էսլամին յայտնեց ԻԻՀ ղեկավարութեան պատրաստակամութիւնը վերը նշւած կարեւորագոյն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտւած է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանը:

Դեսպան Թումանեանն ընդգծեց հիւսիս-հարաւ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտութիւնը` նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրաււած բոլոր երկրների շահերից եւ տարածաշրջանի ապակայունացմանն ուղղւած նկրտումները սանձող լաւագոյն հակազդեցութեան միջոց է: