Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական յայտարարութիւնները։ Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Զոհուրին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Իրանի հաւասարակշռւած դիրքորոշումը չի փոխւել։

Հաղորդավարի հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը երբեմն այնպիսի յայտարարութիւններ է անում, որոնք տարբերւում են Իրանի պաշտօնական դիրքորոշումից, ո՞րն է Իրանի պաշտօնական դիրքորոշումը, դեսպան Զոհուրին մասնաւորապէս պատասխանել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը միշտ յայտնել ենք, մեր դիրքորոշման մէջ չի եղել որեւիցէ փոփոխութիւն։ Եթէ կան մարդիկ, որ այլ կարծիքներ են յայտնում՝ դրանք պաշտօնական տեսակէտներ չեն, եւ հաւասարակշռւած դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եւ ցանկացած փոփոխութիւն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կը ներկայացւէր, որը չի արւել»: