Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնութեան Ուֆա քաղաքում «Անվտանգութեան հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամեայ տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգությեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Վերջինս ներկայացրել է ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի արդիւնքում գրանցւած որոշումների կատարողականների վիճակը։

 ՀՀ անվտանգութեան խորհրդից տեղեկացնում են՝ սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակութեամբ նշել են, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, դրանց օրակարգում առկայ է զարգացման միտում։

Քարտուղար Արմէն Գրիգորեանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակաւոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վաւերացման փաստը՝ նշելով որ դա կարող է լաւ խթան հանդիսանալ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագայ զարգացման համար։

 Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը հրաւիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացել փոխադարձ հրաւէր։

Անդրադարձ է կատարւել էներգետիկ, անվտանգութեան, պարենային, ենթակառուցւածքների ոլորտներում առկայ համագործակցութեանը և դրա ծաւալման անհրաժեշտութիւնը։

ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը հատուկ կարևորել է Ղարաբաղեան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերւող հաւասարակշռւած վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղութեան հաստատումը և համագործակցութեան խորացումը։